Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով կարող է ներդրողի համար երաշխավոր լինել

Ով կարող է ներդրողի համար երաշխավոր լինել
02.02.2018 | 02:58

Կառավարության ղեկավարի դավոսյան տպավորիչ հանդիպումներից հետո հերթը պայմանավորվածությունների կատարմանն է: Իսկ Շվեյցարիայում աշխարհի ղեկավարներին ու գործարար աշխարհին վարչապետի հիմնական մեսիջը հետևյալն էր. «Եկեք ու մեր երկրում ներդրումներ արեք, մեր երկիրը ներդրումների համար լավ միջավայր ունի»: Թե քանիսը կհրապուրվեն այս խոսքերով ու կգան Հայաստան, կերևա առաջիկայում, բայց մի պահ պատկերացնենք, որ դրսի ներդրողը, գումարը «թևի տակ», ուղևորվում է Հայաստան, ի՞նչ է նրան սպասում այստեղ:


Ներդրումներ կատարելու թիվ մեկ նախապայմանը հետևյալն է՝ գումարները հոսում են այնտեղ, որտեղ իրենց ապահով են զգում: Իմա՝ գործարարը ներդրում է անում այն երկրում, որտեղ նրա գումարներին վտանգ չի սպառնում: Ցանկացած գործարար, առավել ևս օտարերկրյա ներդրող, պետք է վստահ լինի, որ տվյալ երկրում մեկ լումայի ներդրումն անգամ չի կորչի: Հիմա հարց՝ Հայաստանն այն երկի՞րն է, որ կարող է դրսի ներդրողին հարյուրտոկոսանոց երաշխիք տալ, որ նրա միջոցները չեն փոշիանա: Իհարկե, լուրջ գործարարը օրվա իշխանության հավաստիացումներով երբեք չի կառուցի իր բիզնես գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած երկրում, որովհետև վաղը կարող է այլ մարդ ստանձնել պետության ղեկն ու պայմանավորվածությունները չեղյալ համարել: Այսինքն, գործարարի համար էականը նպաստավոր համակարգի առկայությունն է, որն իրեն կայանալու հնարավորություն կտա: Իսկ ի՞նչ համակարգ է գործում Հայաստանում: Այս առումով դրսի ներդրողը, հավանաբար, պետք է Հայաստանի մի քանի գործարարներից խորհրդատվություն խնդրի, օրինակ, Սամվել Ալեքսանյանից: Համա թե խորհուրդ կտա: Տեսնես՝ քանի՞ հազար եվրո կպահանջի նրանից վերջինս (լրագրողներին 500 եվրոյով է «հարցազրույց տալիս»):


Ասել է՝ անձերով պայմանավորված, ոչ մի գործարար ներդրում չի անելու երկրում, որքան էլ տվյալ երկրի պաշտոնյան նրան հավատ ներշնչի: Մի պահ տեղափոխվենք Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներ: Նա էլ դրսի հյուրերի հետ հանդիպումների ժամանակ հորդորում էր ներդրումներ անել, լավ պայմաններ էր խոստանում: Պատկերացնենք, որ մեկը, նրան վստահելով, հավատալով ներդրում է արել մեր երկրում: Հիմա որտե՞ղ է ներդրումների երաշխավորը, ըստ մամուլի, անգամ սեփական բիզնեսները չի կարողանում պահել, էլ ուր մնաց օտարի համար երաշխավոր լինի: Հովիկ Աբրահամյանը կառավարման թիվ մեկ դեմքն էր, և եթե ինչ-որ մարդիկ նրան հավատալով ներդրում արած լինեին, ի՞նչ կլիներ նրանց հետ այսօր: Իսկ որ յուրաքանչյուր գործարար, նախքան ներդրում անելը, լավ ուսումնասիրում է տվյալ երկիրը, նրա կառավարման համակարգը, բիզնեսի և քաղաքականության սերտաճման աստիճանը, կասկածից վեր է:


Փաստորեն, կառավարության ցանկացած ղեկավար կարող է երկրում իրական ներդրումներ բերել միայն տնտեսական իրավիճակը փոխելով: Օտարերկրյա ներդրողի համար բնավ էլ հրապուրիչ չէ անձը՝ օրվա իշխանության ղեկավարը: Որքան էլ Կարեն Կարապետյանը վստահություն ներշնչի, այդուհանդերձ, նախ ապրիլը սարերի հետևում չէ, իմա՝ դեռ պարզ չէ նրա զբաղեցրած «դիրքը», երկրորդ` կառավարման համակարգը դեռ այնքան էլ նպաստավոր չէ ներդրումների համար: Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի դավոսյան խիստ ծանրաբեռնված գրաֆիկը հետաքրքիր էր:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ